Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Մեկնարկում են կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրերը
2018-01-26

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

«Արդեն կարող ենք հայտարարել ծրագրերի մեկնարկի մասին: Հաջորդ քայլով կապալառու ընկերությունները համապատասխան բանկերի հետ պայմանագրեր են կնքելու, որից հետո շահառուները բանկեր կարող են ներկայացնել ծրագրերի մասնակցության հայտերը»,- նշել է Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարը հավելել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պտղատու այգիներ այսօր Հայաստանում շատ չկան, և նման ծրագրերի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան զբաղվել մրցունակ գյուղատնտեսությամբ:

«Հանրապետությունում բնական աղետների, մասնավորապես կարկտահարության դեպքում, մշակաբույսերի վնասվածության աստիճանը լինում է մեծ. երբեմն 80-100 տոկոսի չափով բերքի կորուստ ենք ունենում: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման շնորհիվ այգին գրեթե 100 տոկոսով կապահովագրվի, իսկ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ հնարավոր է ջրի մինչև 50 տոկոս խնայողություն ունենալ»,- ասել է Հարությունյանը:

Ծրագրերի շրջանակում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

«Մենք այս ոլորտում արդեն ունենք իրականացրած ծրագրեր, որոնց արդյունավետությունն ակնհայտ է։ Անցյալ տարի մի քանի անգամ մեր գործընկեր ֆերմերներին, որոնք դեռ գյուղատնտեսության ոլորտում չեն անցել նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, հնարավորություն ենք ընձեռել այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆինանսավորմամբ ստեղծված ինտենսիվ այգիներ և տեղում ծանոթանալ համակարգերին։ Բանկը մասնաճյուղերի մեծ ցանց ունի ՀՀ ամբողջ տարածքում, պատրաստվում ենք գյուղացիական տնտեսություններին տեղեկացնել նոր ծրագրերի մասին, կարծում եմ նույնիսկ բոլորն արդեն տեղյակ են այս մասին և սպասում են ծրագրի մեկնարկին»,- նշել է Նորիկ Նազարյանը:

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվելու են մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար տրամադրվելու են մինչև 7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվելու են 3 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.01.2018 16:27