Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Կարեն Կարապետյանին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը
2016-11-23

«Հանրապետությունում օրինակելի համարվող 7 հա ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված «Սևելիանո» և «Ասկոլանա» 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կ. Կարապետյանը…»:

Այսօր արդեն մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց ձիթապտուղ աճեցնելու գաղափարը, Կարապետյանն ասաց, որ այն իրեն հուշել է եղբայրը, ով հանրագիտարանից տեղեկացել է, թե ինչպիսի կլիմայական պայմաններում է աճում այդ համեղ ու սննդարար պտուղը:

Եվ եղբայրները ռիսկի են դիմում: 2002 թվականին տնկում են մի քանի տասնյակ ծառ: Պարզապես փորձի համար: Տնկիները լավ աճում են, փարթամանում, դառնում մարդահասակ: Բայց... ցրտահարությունն իր չար գործն է անում: Կարենը չի ընկճվում: Իր իսկ խոստովանությամբ, եթե մեկ ուրիշը լիներ, կհրաժարվեր այդ գաղափարից: Իսկ ինքը՝ ոչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ օգնությամբ՝ կարճ ժամանակ անց բերում է 7500 տնկի: 300 հատը իսկույն բաժանում է ընկերներին և պարզապես անծանոթ մարդկանց: Ընդ որում, գյուղապետարանում տեղի ունեցած ժողովի ժամանակ: Իմ այն հարցին, թե ի՞նչու նաև անծանոթ մարդկանց, Կարենը պատասխանում է.

-Որպեսզի չգողանան...

Հիմա մոտ 4000-ը ծառ են դարձել և բերք են տալիս: Անցած տարի Կարեն Կարապետյանը 5-6 տոննա բերք ստացավ: Իսկ դրանից առաջ, 2013 թվականին, երբ ցրտահարություն չէր եղել, Կարենենց բերքը գերազանցեց տասը տոննան: Այս տարի հույս ունի ստանալ 30-40 տոննա բերք: Դե, ծառերն աճում են, փարթամանում. կան ծառեր, որ տարեկան 70 կիլոգրամ բերք են տալիս:

Բերքը ցրտահարությունից փրկելը, ապա հավաքելը դեռ գործի մի մասն է: Այն պետք է վերամշակել, հասցնել սպառողին: Այդ մասին էլ է հոգացել ֆերմերը: Հարազատ գյուղում նա հիմնադրել է ձիթապտղի վերամշակման արտադրամաս: Մշակումը տևում է 15 օր: Կարենը հանգամանորեն նկարագրում է պտղի վերամշակման ողջ տեխնոլոգիան:

Չնայած ստացված էկոլոգիապես մաքուր բերքին՝ Կարապետյանն այն իրացնելու խնդիր ուներ: Չորս տարի առաջ ֆերմերն ասում էր. «Առայժմ ստացված բերքը էժան գնով` կիլոգրամը 1200 դրամով, ստիպված եմ լինում տալ վերավաճառողներին: Հայաստանում դեռևս դժվար է նորմալ գնով ձիթապտուղ իրացնելը»: Իսկ հիմա մեղրեցի ֆերմերն արդեն ունի իր սպառողը: Նա մի տեսակ հպարտությամբ է ասում, որ իր սպառողների մեջ կան սիրիահայեր, ովքեր ձիթապտղի օգտագործման տարիների ավանդույթ ունեն: Ոմանք նաև խոստովանում են, որ Լեհվազի փոքրիկ արտադրամասում վերամշակված ձիթապտուղն ավելի համեղ է, քան «գործարանային» արտադրանքը: Նման խոսքերից հետո մարդ հպարտանում է և ցանկություն ունենում զարգացնել տնտեսությունը:

… Կարեն Կարապետյանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՑ առաջին անգամ վարկ է վերցրել 2002 թվականին՝ իր այգին հիմնելու համար: Բանկը հաշվի էր առել ֆերմերի ներդրման առանձնահատկությունը և արել հնարավորը, որպեսզի վարկի մարման սխեման դյուրին լինի Կարենի համար: Այս հանգամանքը մեծապես նպաստել է, որ ֆերմերն առավելապես կենտրոնանա իր գործի հաջողության վրա:

Վերջում ասենք, որ եղբայրներին օգնում են նաև իրենց 21 և 25 տարեկան որդիները:


Խոսեցինք նաև խնդիրներից: Կարեն Կարապետյանին, և ոչ միայն նրան, մտահոգում է ոռոգման հարցը: Նախ, եթե ջուր տալիս են, ապա բավականին թանկ՝ ժամում 1300 դրամ վճարով: Իսկ դա մատչելի չէ շատերին: Կարապետյան եղբայրները մոտ կես կիլոմետր ջրագիծ են անցկացրել սարն ի վեր, այն էլ գետնի տակով: Ուզում են կաթիլային համակարգ տեղադրել: Սովորության համաձայն դեռևս ուսումնասիրում են ոռոգման նորագույն տեխնոլոգիաները:


Լևոն Ազրոյան
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 29.11.2016 09:34