Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կշարունակի աջակցել ՓՄՁ-ներին
2017-07-06

Banks.am-ը զրուցել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի ՓՄՁ, կորպորատիվ եւ գյուղատնտեսական բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանի հետ:


- Պրն Նազարյան, ի՞նչ իրավիճակ է այսօր կորպորատիվ վարկավորման ոլորտում, ինչպիսի՞ն է մրցակցությունը շուկայում:

- Հայաստանի տնտեսությունում 2013-ի ֆինանսական ցնցումներից հետո նկատվում էր պասիվություն՝ հիմնականում կապված Ռուսաստանում ճգնաժամային իրավիճակի եւ ռուբլու արժեզրկման հետ, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացրել մեր արտահանողների համար՝ ազդելով նաեւ ներքին շուկայում գործող ընկերությունների վրա. ընկել էր բնակչության ընդհանուր գնողունակությունը:
Այսօր իրավիճակը շտկվել է: Արտահանողները սկսել են հեռանկարային պայմանագրեր կնքել, ակտիվություն է նկատվում հատկապես ագրո ոլորտի վերամշակող կազմակերպությունների շրջանում: Նրանք սկսել են ընդգծված աշխատել արտահանման աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ՝ դուրս գալով նաեւ եվրոպական եւ ամերիկյան շուկաներ:
Բացի այդ, անցյալ տարի ՀՀ Կենտրոնական բանկն առեւտրային բանկերի համար սահմանեց նորմատիվային կապիտալի նոր՝ ավելի բարձր սահմանաչափ, ինչը հետաքրքիր զարգացումներ առաջացրեց բանկային ոլորտում: Կապիտալի համալրման եւ բանկային միավորումների արդյունքում համակարգում գոյացել են զգալի ազատ միջոցներ, որոնք ենթակա են տեղաբաշխման, մասնավորապես՝ վարկավորման ավելացման միջոցով:Կարող ենք արձանագրել, որ այս տարվա հունվարից շուկայում կա էական ակտիվացում:

- Վերջերս բիզնեսին 100 օրով վարկի տոկոսից ազատելու արշավ եք գործարկել: Ի՞նչ արդյունքներ են գրանցվել, արդյոք նախատեսո՞ւմ եք այն շարունակական դարձնել:

- Պետք է ընդգծել, որ մենք վերջին տարիների ընթացքում մեր յուրաքանչյուր քայլով անում ենք հնարավորը՝ հայաստանյան ՓՄՁ-ներին աջակցելու եւ նրանց զարգացմանը նպաստելու համար։ Այս նախաձեռնությունը եւս մեկ քայլ է, որով մենք ցանկացել ենք աջակցել մեր գործընկերներին։ Այս անգամ մենք առաջարկեցինք հաճախորդներին «թարմ շունչ հաղորդել բիզնեսին»՝ նրանց հնարավորություն տալով առաջին 100 օրերի համար չվճարել տոկոսագումարներ եւ այդ գումարները ծառայեցնել բիզնեսի զարգացմանը։

Արշավը մեկնարկել է մայիսի 10-ին եւ գործելու է մինչեւ օգոստոսի 1-ը ներառյալ: Այն վերաբերում է մինչեւ 100 մլն դրամ գումարով, 3-6 տարի տեւողությամբ վարկերին, որոնք բանկը տրամադրում է դրամայինի դեպքում՝ սկսած 12%-ից, դոլարայինի եւ եվրոյով վարկի դեպքում՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից: Բացի այդ, առաջարկին կցեցինք մեծ թվով պրոդուկտեր եւ բիզնեսն ազատեցինք նաեւ դրանցից օգտվելու վճարներից՝ առաջարկելով փաթեթային լուծում: Փաթեթում ներառված է նաեւ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի առաջարկած Green Leasing պրոդուկտը, որի համար կիրառվում է 2%-ով ավելի ցածր տոկոսադրույք:

Արշավի ավարտին շուրջ մեկ ամիս ունենք, սակայն այս պահին էլ արդյունքները գոհացուցիչ են։

Առհասարակ, փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցությունը մենք իրականացնում եւ իրականացնելու ենք շարունակաբար, պարզապես աջակցության բնույթը ժամանակ առ ժամանակ լինելու է տարբեր:

- Բիզնես վարկավորման ի՞նչ այլ ծրագրեր եւ պրոդուկտներ եք առաջարկում: Որքանո՞վ է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը հետաքրքրված ՓՄՁ վարկավորմամբ:

- Փոքր եւ միջին ձեռնարկություններին առաջարկում ենք բանկային գործիքների լայն տեսականի՝ սկսած ավանդական վարկային պրոդուկտներից մինչեւ լիզինգ (տրամադրում է ֆինանսական խմբի անդամ «ԱԳԲԱ Լիզինգ»-ը):

ՓՄՁ վարկավորումը եղել եւ մնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի ուշադրության կենտրոնում: Նրան բաժին է ընկնում բանկի վարկային պորտֆելի մոտ 30-33%-ը. այս մասնաբաժինը վերջին տարիներին կայուն պահպանվում է, այսինքն՝ աճում է բացարձակ արտահայտությամբ՝ ընդհանուր պորտֆելի ավելացման տեմպերով: Մեր ՓՄՁ հաճախորդները շարունակաբար ավելանում են՝ կապված մասնաճյուղային ցանցի ընդլայնման, նոր ինովատիվ պրոդուկտների ներդրման հետ:

- Որքանո՞վ են ՓՄՁ-ների համար կազմակերպվող բիզնես դասընթացները պահանջված, կարելի՞ է հաջողված համարել բանկի այս նախաձեռնությունը:

- Բանկային ծառայությունների տրամադրմանը զուգահեռ՝ վերջին երեք տարիների ընթացքում ձեռնամուխ ենք եղել ՓՄՁ ոլորտի համար նախատեսված թրեյնինգների կազմակերպմանը, որոնց միջոցով հաճախորդներին ենք փոխանցում ֆինանսական, կառավարման, մարքեթինգային եւ հյուրանոցային բիզնեսի վերաբերյալ լավագույն փորձը։ Ծրագիրը հաջողված է, եւ մեկնարկից ի վեր բիզնես ոլորտի ավելի քան 600 ներկայացուցիչ արդեն մասնակցել է մեր դասընթացներին: Իսկ այս տարի մենք հրավեր ստացանք եւ միջազգային բիզնես ֆորումի շրջանակում այլ ֆինանսական կազմակերպություններին ներկայացրինք այս ոլորտում մեր կուտակած փորձը։

Նշեմ, որ միայն մայիսին փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների համար իրականացրել ենք 2 միջոցառում։ Երկուսն էլ իրենց բնույթով աննախադեպ էին՝ միջոցառումներից մեկը նվիրված էր առաջնորդությանը, որը վարեց Հայաստանում ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ Մարտին Գալստյանը, իսկ մյուսն իրականացվեց «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, որի շրջանակում ներկայացվեցին Հայաստանում բիզնեսի թվայնացման հաջողված օրինակներ եւ թվայնացման հեռանկարները։ Նույն միջոցառման ընթացքում կնքվեց նաեւ համագործակցության հուշագիր, որի շրջանակում պատրաստվող նորույթների մասին կհայտնենք աշնանը։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.07.2017 11:32