Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար
2026-03-30

Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար։

«Այս նախագծի իրականացումը հսկայական նշանակություն և ազդեցություն է ունենալու Հայաստանի համար։ Այն մեր երկրի առջև նոր հորիզոններ է բացելու. տեխնոլոգիաների առումով Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քարտեզի վրա սկսելու է կարևոր դեր խաղալ։ Մենք այս նախագծի իրականացմանը մասնակցեցինք Ամունդի-Ակբայի հետ համատեղ։ Ամունդի-Ակբան ֆինանսական աջակցությունից բացի իրականացրել է նաև այս ամբողջ նախագծի վերլուծությունը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ հատկապես տեխնոլոգիաների ոլորտում, շատ ամուր են և շարունակաբար զարգանում են։ Մենք մուտք ենք գործում նոր փուլ, որտեղ կտեսնենք նոր ներդրումներ և գործընկերությունների աճ։ Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչ կարող է ստացվել, երբ ամերիկյան տեխնոլոգիան համադրվում է Հայաստանի բարձրակարգ տեխնոլոգիական ներուժի, գիտելիքի և մարդկային ռեսուրսների հետ։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի Հայաստանին դառնալ տեխնոլոգիական առաջատար և խթանել երկրի տնտեսությունը, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին»,- նշել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

«Այս նախագծի շրջանակում ստացված միջազգային թույլտվությունը ներառում է առաջատար կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, որոնք, ինչպես ընդգծել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը, հասանելի չեն աշխարհի երկրների մեծամասնությանը։ Փաստը, որ Հայաստանը ստացել է նման բացառիկ թույլտվություն, վկայում է Միացյալ Նահանգների հետ մեր գործընկերության ամրության մասին, ինչպես նաև արտացոլում է այն համատեղ ռազմավարական տեսլականը, որի հիմքում Հայաստանի` որպես առաջադեմ տեխնոլոգիաների և գլոբալ նորարարության առանցքային կենտրոնի ձևավորումն է»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Սա նախ և առաջ ուղիղ ներդրում է Հայաստանի տեխնոլոգիաների, գիտության և տնտեսության զարգացման մեջ։ Ուրախ եմ, որ այսօրինակ ծրագրերն արդեն Հայաստանում միայն երազանքների մակարդակի չեն։ Սա իրականություն է, որի շուրջ կա շատ գեղեցիկ և շատ որակյալ կոնսոլիդացիա»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ուրախ եմ, որ մեր ֆինանսական կառույցները նույնպես միացել են այս նախագծին։ Ծավալուն աշխատանք կատարելուց հետո ունենք ֆինանսական կառույցների վստահությունը և միասին կարողացանք 300 միլիոն դոլարի գործարք կնքել, որը, կարծում եմ, թե իր մեծությամբ, թե կարևորությամբ Հայաստանի պատմության մեծ գործարքներից մեկն է, եթե ոչ ամենամեծը»,- նշել է Firebird AI ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը։

Նախագծի իրականացման համար Ակբա բանկն ուղղել է 25 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը՝ 20 մլն ԱՄՆ դոլար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.03.2026 11:31
////