Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Նոր հեռանկարներ Գավառի մանկատան սաների համար` VISA ԲԱՐԵՐԱՐ քարտի միջոցով
2014-06-30

Ս.թ. հունիսի 30-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական ընկերության միջև կնքվեց եռակողմ համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Գավառի մանկատան սաների համար կյանքի կկոչվի նոր կրթական հնարավորությունների ստեղծմանն ուղղված համատեղ նախաձեռնությունը:

Սա Վորլդ Վիժն Հայաստանի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ առաջին համատեղ բարեգործական ծրագիրն է: Ծրագրի արժեքն է 41 000 000 ՀՀ դրամ, իսկ ծրագրի տևողությունը կազմելու է 3 տարի:

Ծրագրի շրջանակներում Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 90 սան հնարավորություն կունենա ստանալ խորացված հանրակրթական ու մասնագիտական գիտելիքներ և ձեռքբերել կյանքի համար անհրաժեշտ կարևորագույն հմտություններ: Մասնավորապես նախատեսվում է կազմակերպել հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության և այլ առարկաների խորացված ուսուցման դասեր, ինչպես նաև տարբեր մասնագիտական դասընթացներ:

Այս ծրագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից Visa ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի թողարկման ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական ծրագիրն է: Բանկի կողմից արդեն թողարկվել է ավելի քան 19 000 VISA ԲԱՐԵՐԱՐ քարտ և ս.թ. փետրվարին 1000ամենաակտիվ Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանների միջև անցկացված հեռախոսային հարցման արդյունքում առաջարկվող ծրագրերից ընտրվել է մանկատների երեխաների համար կրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը, որն էլ հենց կյանքի կկոչվի Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության ջանքերով:

Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանի խոսքով - «Ներկայում ավելի քան 90 աղջիկներ և տղաներ՝ Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից, բնակվում են Գավառի մանկատանը: Նրանք հաճախում են հանրակրթական դպրոց, ոմանք մասնակցում են արտադասարանային խմբակների: Սակայն ստացած հանրակրթական գիտելիքները և հմտությունները բավարար չեն, որպեսզի այդ երեխաները, դառնալով չափահաս և լքելով մանկատունը, կարողանան աշխատանք գտնել և լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Նրանց անհրաժեշտ են հիմնավոր մասնագիտական գիտելիքներ և կողմնորոշում»:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով - «Սա Visa ԲԱՐԵՐԱՐ քարտի թողարկումից ի վեր մեր կողմից Հայաստանի մանկատների սաներին ուղղված ծրագրի նոր մասն է, որը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի: Բանկը ապագայում հետևողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով և հնարավորության դեպքում նաև աշխատանքով ապահովելու հարցում: Մենք ողջունում ենք Վորլդ Վիժն Հայաստանի միանալն այս ծրագրին և ուրախ ենք, որ Գավառի մանկատան սաներին ուղղված այս ծրագրից օգտվելու հնարավորություն կստանան նաև Գավառի անապահով ընտանիքների երեխաները»:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի խոսքով- «Կրթական կենտրոն ստեղծելու գաղափարը ծագեց հենց այստեղ ապրող 9-18 տարեկան երեխաների հետ ծանոթանալուց և նրանց ցանկությունները ուսումնասիրելուց հետո: Գնահատելով նմանատիպ ծրագրերի իրականացման Վորլդ Վիժն Հայաստանի փորձը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը համատեղ դիմեցին Վորլդ Վիժն՝ առաջարկելով ստանձնել ծրագրի իրականացումը»:

Վորլդ Վիժնի Գավառի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում Գավառի մանկատան և տարածաշրջանի համայնքների երեխաների մասնակցությամբ ևս նախատեսվում են այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն մանկատան երեխաների հաղորդակցման հմտությունների ձևավորմանը հաստատությունից դուրս օգնելով նրանց ձեռքբերել նոր ընկերներ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.01.2015 11:16
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am