Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ներդրողի բլոգ
Մի ներդրողի պատմություն․ Ֆիլիպ Ֆիշեր
2023-08-28

Ֆիլիպ Ֆիշերը աճի ներուժով բաժնետոմսերում ներդրումներ կատարելու դպրոցի հիմնադիրներից մեկն է։ Այս հոդվածում կծանոթանանք Ֆիլիպ Ֆիշերի, իր ներդրումների պատմության ու սկզբունքների հետ։

Ֆիլիպ Ֆիշերը բաժնետոմսերում ներդրումներով զբաղվել է շուրջ 74 տարի՝ մինչև 91 տարեկանը։ Հանրությունը Ֆիշերի մասին իմացել է 1958 թ.-ին, երբ նա հրատարակեց իր՝ «Հասարակ բաժնետոմսեր և արտասովոր եկամուտներ» գիրքը։


Վաղ տարիներ

Ֆիլիպ Արթուր Ֆիշերը ծնվել է 1907 թ.-ին Սան Ֆրանցիսկոյում։ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում տնտեսության և ֆոնդային շուկայի աճի փուլն էր և, նույնիսկ ներդրումներից հեռու մարդիկ քննարկում էին բաժնետոմսերում ներդրում անելու մասին։ Պատանի Ֆիշերը նույնպես սկսում է հետաքրքրվել այդ թեմայով։ Արդեն 20-ական թվականներին սկսնակ ներդրողը փորձում էր ներդրումներ կատարել բաժնետոմսերի մեջ և սկսում է բավականին լավ վաստակել։

Կրթությունը և կարիերայի սկիզբը

1922 թ․-ին 15-ամյա Ֆիշերն ընդունվում է քոլեջ, որից հետո կրթությունը շարունակում է նորաբաց Սթենֆորդի համալսարանի Բիզնեսի դպրոցում։ Ուսումնական պլանի շրջանակներում բազմիցս այցելություններ էին կազմակերպում տեղի խոշոր ձեռնարկություններ, որտեղ ծանոթանում էին արտադրությանը և գնահատում յուրաքանչյուր ընկերության ուժեղ և թույլ կողմերը։ Այս մոտեցումը ապագայում դարձել է Ֆիշերի ներդրումային փիլիսոփայության հիմքը։ 1928 թ.-ին թվականին Ֆիշերը Բիզնեսի դպրոցը դեռ չավարտած՝ ստանում է աշխատանքի հրավեր Սան-Ֆրանցիսկոյի բանկերից մեկում։ Այնտեղ նա հիմնականում զբաղվում էր բարձր տոկոսային եկամտաբերությամբ պարտատոմսերի վիճակագրական տեղեկատվության հավաքագրմամբ, իսկ 1930 թ.-ին նա անցնում է աշխատանքի մի բրոքերային ընկերությունում։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում արդեն սկսում էր Մեծ ճգնաժամը, և ութ ամիս անց Ֆիշերը, ինչպես հազարավոր ամերիկացիներ, կորցնում է աշխատանքը։

Fisher & Company

1931 թ.-ին Ֆիշերը հիմնադրում է «Fisher & Company» անվանումով սեփական ընկերությունը, որը զբաղվում էր կապիտալի կառավարմամբ։ 1932 թ․-ին նոր ընկերության մեկ ամսվա զուտ շահույթը կազմում էր 2,99 ԱՄՆ դոլար, իսկ 1933թ.-ին այն աճում է 1000%-ով՝ հասնելով 29 ԱՄՆ դոլարի։ Հենց այս երկու տարիները Ֆիշերը համարում էր իր կյանքի ամենաեկամտաբեր տարիները, քանի որ այդ ընթացքում նա կարողանում է վերջնական ձևավորել իր ներդրումային ռազմավարությունը և ներգրավել առաջին հաճախորդներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադառնալուց հետո ներդրողը շարունակում է ղեկավարել իր ընկերությունը մինչև 1999 թ.։ Նրա ընկերությունն առանձնանում էր շատ քիչ թվով հաճախորդներով. Ֆիշերը որոշում է կենտրոնանալ միայն մի քանի խոշոր ներդրողների վրա։ 1950-ական և 1960-ական թթ․ Ֆիշերի ընկերության հաճախորդների առավելագույն թիվը 12-ն էր։

Ընկերության աշխատանքներին զուգահեռ՝ Ֆիշերը զբաղվում էր նաև ստեղծագործական գործունեությամբ։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են՝ «Հասարակ բաժնետոմսեր և արտասովոր եկամուտներ», «Պահպանողական ներդրողները խորն են քնում» և «Ստեղծելով ներդրումային փիլիսոփայություն»։

Կարիերայի ավարտը

1999 թ․ Ֆիլիպ Ֆիշերը վերջնական ավարտում է կարիերան։ Նրա որդին՝ Քենետ Ֆիշերը, հոր մահից հետո, նրա աշխատանքը շարունակելով, հիմնել է ներդրումային ընկերություն, որի կառավարման ներքո այսօր գտնվում է շուրջ 190 մլրդ ԱՄՆ դոլար։

Ներդրումների սկզբունքները

Ֆիլիպ Ֆիշերը կարծում էր, որ ներդրումը շատ բարդ գործընթաց է, և որով կարող են զբաղվել միայն պրոֆեսիոնալները։ Այդպիսով՝ նրա կանոններն ու խորհուրդները ավելի շատ համապատասպանում են խոշոր ղեկավարներին, քան թե շարքային հերթական ներդրողներին։ Ամեն դեպքում՝ Ֆիշերի ներդրումային սկզբունքներից մի քանիսը կօգնեն նաև սկսնակներին․

  • Բամբասանքներն արժեք ունեն․ Ֆիշերի ներդրումային հիմնական ռազմավարությունը կառուցված էր այն մտքի շուրջ, որ նա ընկերության մասին հավաքում էր հնարավորինս շատ ինֆորմացիա։ Նա լսում էր ընկերության մասին կարծիքներ ամենուր և ամենքից՝ աշխատակիցներ, հաճախորդներ, մատակարարներ, մրցակիցներ, ոլորտի վերլուծաբաններ, նախկին աշխատակիցներ և այլն։ Դա օգնում էր ներդրողին բաժնետոմս թողարկողի ուժեղ և թույլ կողմերի մասին կազմել ամբողջական պատկերացում։
  • Ընկերությունը պետք է ունենա հզոր ղեկավարներ և կայուն մրցակցային դիրք․ Եթե ընկերությունը ներկայանում է ոլորտի լավագույն պրոդուկտով, ծախսում է մեծ գումարներ հետազոտությունների վրա, իսկ մենեջմենթը կարողանում է զուգահեռ ղեկավարել թե՛ ընթացիկ, թե՛ երկարաժամկետ պլանավորման գործընթացը, ապա այդ ընկերությունը միանշանակ արժանի է ներդրողի ուշադրությանը։

  • Վերլուծեք բիզնեսը, այլ ոչ թե թվերը․ Ֆիշերը որոշ փորձերից հետո հասկացավ, որ ոչ ոք ի զորու չէ կանխատեսել ներդրումների գների շարժը կես տարվա ընթացքում։ Այսպիսով՝ կարևոր է վերլուծել ընկերության բիզնեսը և այնտեղ կատարել երկարաժամկետ ներդրումներ, ոչ թե փորձել գուշակել, թե ինչպես կփոխվի արժեքը գալիք վեց ամիսների ընթացքում։
  • Բաժնետոմսերի վաճառքի համար կա երկու պատճառ․ Ֆիշերը կարծում էր, որ բաժնետոմսեր արժե վաճառել միայն այն դեպքում, երբ ընկերության նախնական գնահատման փուլում բացթողումներ են եղել կամ էլ ընկերությունը ժամանակի ընթացքում կորցրել է համապատասխանությունը ընտրության չափանիշներին (մենեջմենթի թուլացում, մրցակցային առավելության կորուստ և այլն)։ Մնացած դեպքերում Ֆիշերը խորհուրդ էր տալիս երբեք սեփական պորտֆելից բաժնետոմսեր չվաճառել։
  • Քանակը միշտ չէ ապահովում որակ․ Ներդրումային պորտֆելում ընկերությունների թվի մասին Ֆիշերն ասել է․ «Որքան քիչ, այնքան լավ»։ Նա համարում էր, որ ներդրողների գլխավոր խնդիրն է գտնել ներդրումների արժանի օբյեկտներ՝ անկախ դրանց քանակից։ Նրանց, ովքեր 20-ից ավելի ընկերություններում ունեին ներդրումներ, ներդրողն անվանում էր սպեկուլյանտներ։
  • Մակրոտնտեսական կանխատեսումները արժեք չունեն․ Ժամանակակից տնտեսագետները մշտապես փորձում են կանխատեսել, թե ինչպես է զարգանալու համաշխարհային տնտեսությունն ապագայում։ Այդ կանխատեսումների մեծ մասը այդպես էլ չեն իրականանում։ Ֆիշերը կարծում էր, որ կանխատեսումներ անելու փոխարեն՝ ավելի լավ է կենտրոնանալ շուկայի թերագնահատված ընկերությունների բացահայտմամբ։


Այսպիսով՝

  • Ֆիլիպ Ֆիշերը թերագնահատված ընկերություններում ներդրումներ կատարելու տեսության հիմնադիրներից է։ Ուորեն Բաֆեթը մինչև օրս առաջնորդվում էայս սկզբունքով։
  • Ֆիշերի «Հասարակ բաժնետոմսեր և արտասովոր եկամուտներ» գիրքը համարվում է ներդրումների մասին լավագույն գրքերից մեկը։
  • Ընկերության մասին խոսակցությունները և բամբասանքները նույնքան արժեքավոր են, որքան հաշվետվություններում առկա թվերը:
  • Ֆիլիպ Ֆիշերը խորհուրդ էր տալիս չվստահել շուկայի կարծիքին, այլ կատարել սեփական վերլուծությունը։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.08.2023 15:57