|
Դուք կնքել եք ապրանքի մատակարարման պայմանագիր օտարերկրյա ընկերության հետ և ներմուծվող ապրանքի դիմաց շարունակում եք վճարել կանխիկ վճարման եղանակով: Դա նշանակում է, որ Դուք վճարում եք դեռևս չստացված ապրանքի դիմաց: Արդյո՞ք դա է թելադրում քաղաքակիրթ առևտուրը:
Իհարկե ոչ: Մշտական և վստահելի համագործակցությունը գործընկերների միջև ենթադրում է երկուստեք փոխշահավետ պայմաններ: Ուստի, Ձեր մատակարարը, ունենալով իր ձեռքում Ակբա բանկի երաշխիքը, կարող է տրամադրել վճարման հետաձգում (օր. մինչև 120 օր), ինչի արդյունքում Դուք կարող եք վճարումները կատարել Ձեր իսկ սեփական ռեսուրսներով (առանց վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտության): Նկատենք, որ երաշխիքը վարկից անհամեմատ էժան է:
Ակբա բանկն առաջարկում է կիրառել բանկային երաշխիքը.
Երաշխիքը կողմերից մեկի (պրինցիպալի) հանձնարարությամբ Բանկի անունից հօգուտ երրորդ կողմի (բենեֆիցիարի) տրված գրավոր պարտավորություն է, որն ապահովում է պրինցիպալի պարտավորությունների կատարումը և երաշխիքի պայմաններին համապատասխան բենեֆիցիարին որոշակի դրամական գումարի վճարումը՝ գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում:
Երաշխիքի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար
ներմուծել ապրանք հետաձգված վճարման պայմանով (երաշխիքային նամակի շնորհիվ կանխիկ վճարման պայմանը կարող է փոխարինվել հետաձգված վճարման պայմանով),
հետաձգված վճարման պայմանի շնորհիվ՝ ապրանքի դիմաց վճարումը կատարել առանց վարկային ռեսուրսների ներգրավման,
կրճատել ծախսերը, քանի որ բանկային երաշխիքը վարկից անհամեմատ էժան է,
գործընկերոջ հետ հաստատել համագործակցության առավել վստահելի հարաբերություններ:
Երաշխիքի առավելությունները պատվիրատուի, վաճառողի (արտահանողի) համար
ունենալով գնորդի (ներմուծողի) վճարային պարտավորություններն ապահովող երաշխիք` Դուք ապահովագրում եք Ձեզ գնորդի (ներմուծողի) կողմից գումարի չվճարման ռիսկից,
ապահովել հնարավոր կորուստների և ծախսերի փոխհատուցումը, որոնք կարող են առաջանալ մրցույթը հաղթող, աշխատանքները կատարող, ծառայությունները մատուցող կամ ապրանքներ մատակարարող ընկերության կողմից իր պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում,
Դուք կարող եք շուկայում հանդես գալ մրցակիցների համեմատ առավել մրցունակ առաջարկով` վաճառելով (արտահանելով) ապրանքը հետաձգված վճարման պայմանով,
մրցունակ առաջարկով հանդես գալու շնորհիվ` Դուք կարող եք ապահովել սպառման առավել մեծ ծավալ և, հետևաբար, մեծացնել շուկայում զբաղեցրած Ձեր ընկերության մասնաբաժինը,
նվազագույնի հասցնել առևտրային գործարքում առկա ռիսկերը:
1. Ո՞րն է երաշխիքի և ակրեդիտիվի հիմնական տարբերությունը
- Ի տարբերություն փաստաթղթային ակրեդիտիվի` երաշխիքն օգտագործվում է միայն այն դեպքում, երբ պրինցիպալը չի կատարել իր պարտավորությունները բենեֆիցիարի հանդեպ:
2. Ինչպիսի՞ն պետք է լինի երաշխիքի գործողության ժամկետը
- Երաշխիքի գործողության ժամկետը պետք է գերազանցի վերջնական հաշվարկի պայմանագրային ժամկետը, որպեսզի բենեֆիցիարը հնարավորություն ունենա պրինցիպալի կողմից համապատասխան վճարումը չստանալու դեպքում Բանկին ներկայացնել վճարման պահանջ:
3. Կարո՞ղ է արդյոք երաշխիքի գործողությունը դադարեցվել վաղաժամկետ
- Երաշխիքը կարող է դադարեցվել վաղաժամկետ, սակայն միայն բենեֆիցիարի կողմից տրված երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու մասին գրության հիման վրա:
Երաշխիքի տրամադրման հիմնական պայմանները
- Բանկը տրամադրում է երաշխիք/հանդիպակաց երաշխիք` հօգուտ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների, պետական հիմնարկների և ֆինանսական կառույցների,
- երաշխիքի արժույթը` ՀՀ դրամ և արտարժույթ:
Բանկը տրամադրում է երաշխիքի հետևյալ տեսակները
մրցույթի մասնակցության երաշխիք - ապահովում է մրցույթն անցկացնող ընկերության ծախսերի փոխհատուցումը այն դեպքում, երբ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը հրաժարվում է կատարել իր հետագա պարտավորությունները, ինչի արդյունքում հարկ է լինում անցկացնել նոր մրցույթ,
պայմանագրի կատարման երաշխիք - ապահովում է պատվիրատուի հանդեպ պայմանագիրը կատարող կողմի պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը,
վճարման երաշխիք - ապահովում է վաճառողի (արտահանողի) հանդեպ գնորդի (ներմուծողի) վճարային պարտավորությունների պատշաճ կատարումը,
կանխավճարի վերադարձման երաշխիք – ապահովում է կանխավճարի գումարի փոխհատուցումը գնորդին (ներմուծողին) կամ պատվիրատուին` վաճառողի (արտահանողի) կամ պայմանագիրը կատարողի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ձախողման դեպքում,
որակի երաշխիք - ապահովում է պայմանագիրը կատարողի կողմից կատարված աշխատանքի/մատուցված ծառայության/մատակարարված ապրանքի որակական հատկանիշների ապահովումը կամ ի հայտ եկած թերությունների ժամանակին վերացումը,
հանդիպակաց (անուղղակի) երաշխիք (counter-guarantee)` Բանկի կողմից հօգուտ այլ առաջնակարգ բանկի տրված երաշխիք` ի ապահովումն տվյալ բանկի կողմից հօգուտ վերջնական բենեֆիցիարի ինքնուրույն և իր լրիվ պատասխանատվությամբ երաշխիքի տրամադրման: